Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում
10-11-2025
Կան ֆիլմեր, որոնք աշնանն ավելի «համով» են նայվում։ Երբ դրսում մշուշ է, քամին խառնում է տերևները, իսկ դու փաթաթված ես վերմակի մեջ՝ տաք թեյով կամ կակաոյով։ Ու հենց այդ պահին դիտում ես մի ֆիլմ, որտեղ գիշերը երբեք չի վերջանում, իսկ հերոսների աչքերում միաժամանակ սեր, վտանգ ու գաղտնիություն կա։ Վամպիրները միշտ էլ ունեցել են անբացատրելի գրավչություն։ Նրանք սարսափի խորհրդանիշն են, բայց միևնույն ժամանակ՝ սիրո, ազատության ու հավերժության պոետիկ կերպարներ։ Այդ է պատճառը, որ ամեն մի տասնամյակ նոր ձևով ենք նրանց բացահայտում կինոյում։ Եթե Ամանորի նախօրեին սիրտդ «Հարրի Փոթեր» կամ «Տանը մենակ» է տենչում, ապա աշնան այս օրերին «Մթնշաղ. Սագա»-ն («The Twilight Saga») բոլորից լավ է ջերմացնում հոգիդ ու աշնանային թաղծոտ, բայց ռոմանտիկ տրամադրություն ստեղծում։ Անձրևոտ քաղաք, մշուշով պատված անտառներ, և սեր, որը բառացիորեն անցնում է կյանքի ու մահվան սահմանը։ Twilight-ը փոխեց մեր վերաբերմունքը վամպիրների հանդեպ՝ նրանց դարձնելով ոչ թե վախեցնող, այլ հասկանալի, ռոմանտիկ ու ավելի «մարդկային»։ Ու հենց այդտեղից էլ սկսվում է մեր վամպիրական կինոուղևորությունը։ 📖 Իսկ որտեղի՞ց եկան վամպիրները Վամպիրների լեգենդները գալիս են Բալկաններից։ Առաջին «պաշտոնական» վամպիրը համարվում է Պետար Բլոգոյևիչը (Petar Blagojević, 1725)՝ ով մահանալուց հետո, ըստ լեգենդի, դուրս էր գալիս գերեզմանից ու այցելում հարազատներին։ Հետագայում պատմական Վլադ Ցեպիշը՝ Տրանսիլվանիայի իշխանը, իր դաժանությամբ դարձավ այն իրական նախատիպը, որի հիման վրա Բրամ Ստոկերը գրեց «Dracula» վեպը։ Այսպես, վախի և պատմության սահմանին ծնվեց կինոյի ամենանույնական կերպարներից մեկը՝ վամպիրը։ Եվ հենց այդ վախ-հմայքի խառնուրդն էլ բերեց նրան, որ 1931-ին կինոթատրոնները մթնեցին՝ ճանապարհ տալով առաջին իսկապես մեծ վամպիրական ֆիլմին։ 🎬 Dracula (1931) Սև-սպիտակ կինոյի ամենասարսափելի գեղեցիկ էջերից մեկը։ Բելա Լուգոսիի կերպարը դարձավ վամպիրի հավերժական մոդել՝ սև թիկնոց, նրբագեղ շարժումներ և անբացատրելի ձգողականություն։ Ֆիլմը ոչ միայն սարսափ է, այլև ժամանակի իսկական գոթիկ պոեզիա․ այստեղ յուրաքանչյուր ստվեր կարծես շշնջում է վտանգի մասին։ «Dracula»-ն ցույց տվեց, որ վամպիրը կարող է լինել սարսափելի, բայց նաև շատ հմայիչ։ 💀 Interview with the Vampire (1994) Սա վամպիրական կինոյի փիլիսոփայական գագաթն է։ Թոմ Քրուզը և Բրեդ Փիթը մարմնավորում են երկու անմահների, ովքեր պայքարում են հավերժ կյանքի դատարկության ու հոգնածության դեմ։ Նրանց հարաբերությունն այնքան մարդկային է, որ մոռանում ես, որ նրանք վամպիր են։ Ֆիլմը լի է մռայլ գեղեցկությամբ՝ մոմի լույսով լուսավորվող սենյակներ, մետաքսե վերնաշապիկներ, դանդաղ զրույցներ ու սառնախառն մելանխոլիա։ Ֆիլմը թույլ է տալիս բացահայտել վամպիրներին որպես մտածող, զգայական ու ցավ զգացող էակների։ ⚔️ Van Helsing (2004) Եթե նախորդ ֆիլմերը «նուրբ» են, սա՝ մաքուր արկածային էքշն է։ Հյու Ջեքմենի մարմնավորած վամպիրների որսորդը՝ Վան Հելսինգը, շրջում է Եվրոպայի մութ անկյուններով՝ պայքարելով Դրակուլայի, գայլամարդկանց ու այլ գիշերային արարածների դեմ։ Ֆիլմը լի է վառ գոթիկ տեսարաններով, հսկայական դեկորացիաներով ու ադրենալինով լեցուն սցենարով։ Այստեղ վամիրական աշխարհը վերածվել է իրական բլոկբասթերի՝ գրավիչ, դինամիկ ու հետաքրքիր։ 💋 Only Lovers Left Alive (2013) Ջիմ Ջարմուշը վամպիրներին պատկերացնում է որպես մոլորակի ամենաուժեղ մելանխոլիկներին։ Նրանք ապրում են ստվերներում, լսում վինիլային ձայնասկավառակներ, խոսում Փարիզի ու Դետրոյթի լքված փողոցների մասին ու մտածում՝ արդյո՞ք մարդկությունն արժե փրկել։ Թիլդա Սուինթոնի և Թոմ Հիդլսթոնի զույգը գրեթե հիպնոտիկ է՝ մթնոլորտային, ինտելեկտուալ և միաժամանակ խորը տխուր։ Սա այն ֆիլմերից է, որը դիտելուց հետո գիշերը դառնում է խաղաղ ու անսպառ։ 🦇 Nosferatu (1922 / 1979 / 2025) Ամեն ինչ սկսվեց 1922-ի «Nosferatu»-ից։ Դեռ ձայն չունեցող ֆիլմը կարողացավ ստեղծել մթնոլորտ, որը մինչ օրս սարսափեցնում է։ Նրա գունաթափ կերպարը, երկար մատները և ստվերի խաղը դարձան կինո պատմության դասական։ Հետո եկավ Վերներ Հերցոգի 1979-ի ռիմեյքը՝ ավելի տխուր ու բանաստեղծական, իսկ 2025-ին մենք ստացանք նոր տարբերակը՝ Բիլ Սքարսգարդի և Լիլի-Ռոուզ Դեփի մասնակցությամբ։ Նոր «Nosferatu»-ն հարգանքի տուրք է դասականին, բայց նաև իր սեփական սարսափի լեզուն ունի՝ հիպնոտիկ, դանդաղ ու գեղագիտական։ 🩸 Dracula (2025) Վերջին տարիներին Դրակուլան նորից հայտնվել է էկրանին, բայց այս անգամ՝ ժամանակակից լեզվով։ 2025-ի տարբերակը փորձում է միավորել դասական մթնոլորտը և նոր սարսափի ռիթմը։ Այն ավելացնում է դրամա, խորը վիզուալներ ու նոր սերնդին ծանոթ թեմաներ՝ վերահսկողության, մենակության ու անվերջ կյանքի հոգնածության մասին։ Դրակուլան այստեղ այլևս ոչ թե հրեշ է, այլ մութ փիլիսոփա՝ փնտրող, ցավ զգացող ու սիրո մեջ մոլորված էակ։ Վամպիրական ֆիլմերը միշտ էլ ավելին են, քան պարզապես սարսափ ֆիլմերը։ Դրանք պատմություններ են սիրո, մենակության ու հավերժ փնտրտուքի մասին։ Եվ աշունը դրան դիտելու համար կատարյալ ժամանակն է։ Այնպես որ այս երեկո վերցրու տաք ըմպելիքդ, ընտրիր ֆիլմն ու թույլ տուր, որ գիշերը պատմի իր վամպիրական պատմությունները։
Ժամանց
12-02-2023
ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԿԻՆՈՊԱՐԿ