Ֆենոմեն, որ գրավեց ամբողջ աշխարհը. Ի՞նչ է Demon Slayer-ը
29-09-2025
🔥«Set your heart ablaze!». եթե այս խոսքերից ոգեշնչվում ես ու պատրաստվում մարտի, ուրեմն «Demon Slayer: Kimetsu no Yaiba»-ն հենց այն պատմությունն է, որ կարող է քո սրտում կրակ վառել։ Սա միայն դևերի դեմ կռիվ չէ․ սա պատմություն է ընտանիքի, ընկերության ու անսպառ կամքի մասին, որը գրավել է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում։
👺💥«Demon Slayer: Kimetsu no Yaiba»-ն այսօր համարվում է ժամանակակից անիմե աշխարհի ամենահզոր ու ազդեցիկ պատմություններից մեկը։ Այն իր սրտում ունի պարզ, բայց հավերժական գաղափար․ ընտանիքի, ընկերության ու պայքարի արժեքը նույնիսկ անհնարին թվացող մթության դեմ։ Հիմնական հերոսը՝ Տանձիրո Կամադոն, ոչ միայն պայքարում է իր քրոջ՝ Նեցուկոյի մարդկային էությունը վերադարձնելու համար, այլև մարմնավորում է այն հաստատակամությունը, որին միլիոնավոր երկրպագուներ այսօր հավատարիմ են։ Նրա կողքին կանգնած են վախկոտ, բայց անսպասելիորեն քաջ Զենիցուն և քաջասիրտ ու փառասեր Ինոսկեն՝ կերպարներ, որոնք յուրովի ցույց են տալիս, որ նույնիսկ ամենաթույլը կարող է դառնալ ուժեղ, իսկ ամենաուժեղը՝ մարդկային։
Այս պատմությունը վերածվեց գլոբալ երևույթի հենց շնորհիվ այն հավասարակշռության, որ ստեղծեց․ դասական սյուժեի պարզություն, սփռված հուզական շերտեր և աննկարագրելի գեղագիտական ուժ։ Միլիոնավոր մարդիկ ճանաչեցին իրենց վախերը, հույսերն ու երազանքները Տանձիրոյի ու իր ընկերների ճանապարհի մեջ։
Անիմեն ծնվել է Կոյոհարու Գոտոգեի ստեղծած մանգայի հիման վրա։ Այն առաջին անգամ լույս տեսավ 2016-ին «Weekly Shonen Jump»-ում և ավարտվեց 2020-ին՝ 205 գլխով։ Կարճ ժամանակում մանգան դարձավ համաշխարհային ֆենոմեն՝ վաճառվելով ավելի քան 220 միլիոն օրինակով։ Իսկ երբ էկրանավորումն ստանձնեց Ufotable ստուդիան, արդյունքը ոչ միայն տեխնիկական, այլև մշակութային հեղափոխություն էր․ CGI-ի ու դասական 2D-ի համադրությունը, ռեժիսոր Հարուո Սոտոդզակիի ձեռագիրը և թիմի անթերի աշխատանքը «Demon Slayer»-ը վերածեցին ժամանակակից անիմեի նոր չափանիշի։
Ժամանակագրություն
📺 «Demon Slayer: Kimetsu no Yaiba» (1-ին սեզոն, 2019)
Առաջին սեզոնը (26 էպիզոդ) ներկայացնում է Տանձիրո Կամադոյի պատմության սկիզբը․ իր ընտանիքի կորուստը, Նեցուկոյի դևի վերածվելը և Իստրեբիչների կազմակերպությանը միանալը։ Տանձիրոն առաջին անգամ բախվում է ուժեղ դևերի, ձեռք է բերում Զենիցուի ու Ինոսկեի ընկերությունը և որոշում է, որ չի կանգնելու, մինչև չվերականգնի քրոջ մարդկային էությունը։
🚂 «Mugen Train» (ֆիլմ, 2020)
Սերիալից հետո պատմությունը շարունակվում է «Անվերջ գնացք»-ով։ Տանձիրոն, Նեցուկոն, Զենիցուն ու Ինոսկեն միանում են Հրային Սյուն Ռենգոկուին և պայքարում Ներքևի Լուսնի դեմ։ Սակայն ֆիլմի գլխավոր ողբերգությունը Ռենգոկուի մահն է՝ Ակազայի՝ Երրորդ Վերին Լուսնի ձեռքով։ Ֆիլմը դարձավ պատմության ամենաբարձր եկամուտ ունեցող անիմեներից մեկը։
🎭 «Entertainment District Arc» (2-րդ սեզոն, 2021-2022)
Երկրորդ սեզոնը նախ վերապատմում է «Mugen Train»-ի իրադարձությունները, ապա տեղափոխում է պատմությունը Կարմիր լապտերների թաղամաս։ Այստեղ հերոսները, Սյուն Տենգեն Ուզուիի հետ միասին, մարտնչում են Վերին Լուսիների՝ Գյուտարոյի և Դակիի դեմ։ Այս ճակատամարտում Տանձիրոյի ու ընկերների ուժն ավելի է մեծանում։
🗡️ «Swordsmith Village Arc» (3-րդ սեզոն, 2023)
Երրորդ սեզոնում Տանձիրոն ուղևորվում է դարբինների գյուղ՝ նոր սուր ստանալու։ Սակայն այստեղ հերոսները ստիպված են մարտնչել Հանթենգուի (Չորրորդ Վերին Լուսին) և Գյոկկոյի (Հինգերորդ Վերին Լուսին) դեմ։ Չափազանց դժվար ճակատամարտերից հետո նրանք հասնում են հաղթանակի՝ ցույց տալով իրենց ուժի նոր մակարդակը։
Նոր ֆիլմը
🏯Իսկ 2025-ին Ufotable ստուդիան համաշխարհային երկրպագուներին ներկայացրեց նոր ֆիլմը՝ «Demon Slayer: Kimetsu no Yaiba - Անծայրածիր ամրոց»։
Ֆիլմը սկսվում է այն պահից, երբ Տանձիրոն և Իստրեբիչների Սյուները պատրաստվում են վճռական ճակատամարտին։ Մուձանը նրանց տեղափոխում է իր վիթխարի, բազմաշերտ ամրոցը, որտեղ նրանց սպասում են նոր վտանգներ, անսպասելի հակառակորդներ և վճռորոշ մարտեր։
Ֆիլմը տպավորում է անթերի գրաֆիկայով․ շլացնող մարտեր, գունային ուժեղ լուծումներ, դինամիկ տեսարաններ և անսահման չափսերի ներքին ինտերիերներ։ Կադրը կարծես հոսում է հերոսների հետ միասին՝ ընդգծելով յուրաքանչյուր հարված ու շունչ։
Առանձին հիշատակման է արժանի երաժշտությունը․ օրկեստրային և էլեկտրոնային մոտիվների միախառնված հնչյունները սրում են յուրաքանչյուր մարտի լարվածությունը։
Քննադատների արձագանքը հիմնականում դրական է․ ֆիլմը ստացել 98% դրական կարծիք «Rotten Tomatoes»-ում։ Variety-ն առանձնացնում է ֆիլմի արյունալի, բայց շքեղ մարտերը, իսկ The Guardian-ն ու IndieWire-ը բարձր են գնահատում սաունդթրեքը և կատարողներին՝ Aimer-ին ու LiSA-ին։ Միևնույն ժամանակ, որոշ քննադատներ նկատում են երկարատև ֆլեշբեքների և չափից ավելի ձգձգված սյուժեի խնդիրը․ նրանք նույնիսկ համեմատում են ֆիլմի կառուցվածքը «Հոբիթի» եռագրության հետ՝ ընդգծելով, որ վերջաբանը երեք մասի բաժանելն ավելի շատ կոմերցիոն քայլ է, քան ստեղծագործական։
«Demon Slayer. Kimetsu no Yaiba: Անծայրածիր ամրոց»-ը ոչ միայն անիմե է, այլ իրական վիզուալ տոն՝ լավագույնը մեծ էկրանին դիտելու համար։ Այն արդեն դարձել է պատմության ամենաբարձր եկամուտ հավաքած անիմեն՝ 555 միլիոն դոլար հավաքելով համաշխարհային կինոարտադրությունում։
Թեև որոշ թերություններ կան՝ երկարատև ֆլեշբեքներ ու ձգձգվածություն, բայց ֆիլմը շարունակում է ապացուցել, որ «Kimetsu no Yaiba: Անծայրածիր ամրոց»-ը ժամանակակից անիմեի գլխավոր հզոր շարժիչներից է։