ՄԵՆՅՈՒ. ԱԿՆԱՐԿ
03-12-2022
Ուտեստների, համտեսի ու գաստրո-կոնսյումերիզմի մասին կինոպատումները վաղուց առանձին տեղ են զբաղեցնում համաշխարհային կինեմատոգրաֆում. իտալական La Grande Bouffe-ից, որտեղ դասական կինոյի աստղերի դերակատարմամբ հերոսները տարատեսակ ուտեստների խժռման շնորհիվ փորձում են հասցնել իրենց բառացիորեն շնչակտուր լեցության մինչև Ստենլի Տուչիի ու Քեմփբել Սքոթի Big night-ը, որտեղ երկու եղբայրները պետք է կարողանան պահել ռեստորանն ինչպես յուրահատուկ ուտեստներով ինքնաարտահայտման, այդպես էլ՝ հաճախորդներին որևէ կերպ պահելու բալանսի շնորհիվ։
Մարկ Մայլոդի «Մենյու»-ն ինչ-որ առումով հիշեցնում է մեկ այլ նոր ֆիլմ՝ այս տարվա Կաննի դափնեկիր «Տրտմության եռանկյունի»-ն, որտեղ հարուստ ու հղփացած վերնախավը փորձում է զվարճանալ ծովահանգստի ու նրբաճաշակ դելիկատեսի շնորհիվ։
Մայլոդը ոչ միայն գրոտեսկացնում է վերնախավի ներկայացուցիչներին՝ ներկայացնելով վերջիններին սահմանափակ ու անպատկառ ամենաթողության շրջանակներում (դա մենք կադրում չենք տեսնում, բայց ենթադրում ենք), այլ պատկերում է որպես «վերցնողների» առանձին տեսակ ու խավ, որոնք ագահ են ու ծակաչք։ Որպեսզի նրանց ստամոքսներն ու հետաքրքրասիրության պահանջները բավարարվեն՝ վերնախավի ներկայացուցիչներն այցելում են աշխարհահռչակ ու անվանի շեֆ-խոհարար Ջուլիան Սլովիկի (Ռեյֆ Ֆայնս) գերէքսքլյուզիվ ռեստորան և համտեսում ինքնատիպ ու անկրկնելի ուտեստներ։ Սակայն ըստ Սլովիկի (հավանաբար, նաև Մայլոդի) նրանք դա անում են սոցցանցերում լուսանկարներ հրապարակելու կամ պարզապես քարտեզի վրա ևս մեկ նշան դնելու համար։ Վերցնողների՝ անշնորհակալ հաճախորդների և տվողների՝ սպասարկող անձնակազմի միջև բարդ, խճճված և նյարդերով լի հարաբերությունները ծաղրանկարային գրոտեսկով, հոգեբանական թրիլերին բնորոշ լարվածությամբ և սև երգիծական կատակերգության վրձնախազերով կերտում են սլոուբյորներ հիշեցնող էկլեկտիկ ֆարս։
Էքսքլյուզիվության մոլուցքը վերջիվերջո դարձնում է հաճախորդներին, անգամ ամենանրբաճաշակ, բանիմաց և պահանջկոտներին, շարքային սպառողներ, որոնք ավելի շատ ինքնահաստատվում են՝ հաճախելով Սլավիկի ռեստորան՝ չհիշելով, թե ինչ են համտեսել անցած անգամ կամ պարզապես քննադատելով շեֆի սոուսը՝ այդ կերպ ցուցադրելով իրենց տեղեկատվության աստիճանը։
Այդ էքսքլյուզիվության մրցավազքում, որտեղ հավաքվել են արտոնյալները, ռեժիսորը տեղավորում է Մարգոյին, ում հմտորեն մարմնավորում է Անյա Թեյլոր Ջոյը, և ձեռնոց նետում տաղանդավոր, բայց բարդույթներով և վիրավործության զգացումով լցված Սլավիկին։
«Eat the rich»՝ ասում է անտիկապիտալիստական կարգախոսը, որը վանկարկում է Մայլոդն՝ առաջարկելով համտեսի սեփական՝ ինքնատիպ բաղադրատոմսը։