ԷԼՎԻՍ. ԱԿՆԱՐԿ
07-08-2022
Համաշխարհային կինոէկրաններին ցուցադրվում է երաժշտական կիտչի ու գրոտեսկի կինովարպետ, ավստրալիացի ռեժիսոր, սցենարիստ ու պրոդյուսեր «Էլվիս» կենսագրական դրաման, ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիի աղքատ մանկության, անսպասելի գահակալման ու ետնաբեմի ծավալվող դրամաների մասին։
Գյոթեի «Ֆաուստ»-ում չար ոգի Մեֆիստոֆելեսը դաշինք կնքելու նպատակով գայթակղում է գլխավոր հերոսին միջնադարյան Գերմանիայում , «Գերբնականը» սերիալում չար ոգիների հետ պայմանագիր կնքելու համար հերոսներն այցելում էին Նահանգների փոշոտ արվարձաններում թաքնված Անիծյալ խաչմերուկը։ Բազ Լուրմանի բայոպիկում, Էլվիս Աարոն Փրեսլին իր կարիերայի առանցքային որոշումներից մեկը կայացնում է բացառիորեն Սատանայի ակի վրա՝ սեղմելով իր մենեջերի՝ գնդապետ Թոմ Փարքերի ձեռքը, ով սկսում է ղեկավարել սկսնակ երգչի կարիերան, առօրյան ու գրեթե ցանկացած մեծ ու փոքր, քիչ թե շատ կարևոր որոշում։ Հենց Թոմ Փարքերն է (հաստ գրիմի տակ թաքնված Թոմ Հենքսը) ֆիլմի կենտրոնական կերպարն, ում շուրթերից է հնչում ռոքնռոլի արքայի սրընթաց հաջողության ու կտրուկ անկման դրամատիկ պատմությունը։ Փարքերն իր մահվանից առաջ, ծեր Սքրուջ ՄաքԴաքի պես շրջում է ամերիկյան կազինոների ու բժշկական պալատների միջացնքներով՝ անցյալի ուրվականների հետ վերհիշելով իր կյանքի ու կարիերայի ամենավառ մարդուն՝ Էլվիս Փրեսլիին, ում, շատերի մեղադրանքներով, նա սկզբից աստվածացրեց, իսկ արդյունքում կործանեց։
Լուրմանն ընտրում է հենց այդ՝ հանդիսատեսի ու դոլարների արտադրման արանքում կանգնած խորամանկ, կեղծավոր, բայց և մարքեթինգային աննկարագրելի տաղանդով օժտված մարդ-մեքենայի տեսանկյունը՝ Փրեսլիի տեղ-տեղ անհասկանալի ու մի փոքր գաղտնի, իսկ մեծ հաշվով բարդ մասնագիտական ու անձնական կյանքը պատմելու համար։
Սկզբից հանդիսատեսը տեսնում է Էլվիսի մանկություն-պատանեկությունը՝ փոշոտ բարերում սևամորթ բլյուզ երգիչների ու տեղական եկեղեցիներում տրանս հիշեցնող գոսթելական երգ ու պարի ուղեկցությամբ։ Դրան զուգահեռ ներկայացվում է Էլվիսի կյանքի, հավանաբար, ամենակարևոր մարդու, իր մոր՝ Գլեդիսի կերպարը, որի կողքին անվստահ ու մրթմրթացող հայրն ավելի է ընդգծում ալկոհոլային կախվածություն ունեցող, բայց կամային կնոջ վճռական բնավորությունը։ Սակայն Փարքերը կարողանում է շրջանցել վստահության հետ կապված բոլոր հնարավոր խոչընդոտներն ու դառնալ Էլվիսի կարիերայի թիվ մեկ պատասխանատու անձը՝ գումար վաստակելով անգամ Էլվիսի արվեստը չսիրող մարդկանց շնորհիվ։
Այսօր մերչընդայզինգի ու սոցցանցերի դարում գուցե մի փոքր բարդ է պատկերացնել մեկ երաժշտական համարով հեղափոխություն անող, ազդրերն ու կոնքերը 50-ականների բարոյական չափանիշներով անպարկեշտ թափահարող Էլվիսի ռոքնռոլային նորամուծությունների ամբողջական մարտահրավեր-ազդեզությունն ու մասսայական մասշտաբը։ Ռոքնռոլի արքային մարմնավորող Օսթին Բաթլերը հնարավորինս փորձում է փոխանցել երաժիշտի հարավային ակցենտը, կարեկցելու ունակությունն ու անկեղծորեն լավ որդի, ամուսին, քաղաքացի լինելու ցանկությունը։ Թեև մինչև կինոդիտումը թվում է, թե ավելի սուր դիմագծերով Բաթլերն այդքան էլ նման չէ թուխ ու կլորադեմ Փրեսլիին՝ տեսարանների ժամանակ դա մոռացվում է, քանի որ Լուրմանի ֆիլմը շոուի և շոումեն դառնալու, ելույթի շնորհիվ քաղաքացիական դիրքորոշում ցուցադրելու և իր արմատները կարևորելու մասին է։
Լուրմանը դրամատուրգիայի մասով երկու ոտքով էլ կաղում է բարդ միջանձնային հարաբերությունների ու հոգեբանական նյուանսների նուրբ ու թիրախային մատուցման առումով, իր մոտ հրաշալի են ստացվում տպավորիչ բեմականությունները Լաս Վեգասի լեգենդար International հյուրանոցում կամ Էլվիսի հեռուստանկարահանումները սև կաշվե կոստյումով՝ ամեն ինչ գրավիչ է, սեքսուալ, վարակիչ։ Բայց երբ հերթը հասնում է անձնական ողբերգությանը կամ հերոսի ներաշխարհի բացահայտմանը՝ Լուրմանն այստեղ թերանում է։ Օգնության են հասնում գրեթե անդադար հնչող երաժշտական համարները՝ կադրում և կադրից դուրս, Էլվիսի կյանքում կարճաժամկետ այցով հանդես եկող 50-60-ականների ամենամեծ արտիստներից մի քանիսը՝ Բի Բի Քինգից Լիթլ Ռիչարդ։
«Էլվիս»-ը նման է լասվեգասյան շոուի՝ կոմերցիոն ֆիլմի համար երկարաշունչ խրոնոյով՝ 2 ժամ 40 րոպե տևողությամբ այն անցնում է հնարավորինս արագ, թեև տեղ-տեղ կախվում է՝ թողնելով կիսադատարկ փոսեր, որոնք կարելի էր ավելի արդյունավետ օգտագործել՝ բացահայտելով երաժշտի մարդկային ինքնությունը։ Լուրմանը չի ցանկանում տալ հստակ պատասխաններ՝ թողնելով հանդիսատեսին անպատասխան հարցերի հետ տետ-ա-տետ։ Նա, ինչպես և ստախոս գնդապետը, կարող է ապահովել հրաշալի շոու՝ աննման դեկորացիաներով և շրջիկ կրկես հիշեցնող լույսերով, բայց ֆոկուսների ու փայլուն ժպիտների ետևում կանգնած գաղտնիքների մասին երկխոսել չի ստացվի։
Ամեն դեպքում «Էլվիս»-ն այս ամառվա ամենագունեղ, ոճային ու երաժշտական հեքիաթն է, որը ցուցադրվում է մեծ էկրաններին, իսկ պսպղուն հեքիաթներն ու մթնոլորտային պատումները հիանալի ժամանց են՝ մանավանդ երբ հիմնված են իրական դեպքերի վրա։