Երևանի 19-րդ Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոն
25-07-2022
Հեղինակային և բարձրակարգ կինոյի 100-ից ավելի ֆիլմերով, Կաննի, Բեռլինի և միջազգային այլ կինոփառատոնների ընտրանիով մեկ շաբաթ առաջ Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը: Այս տարի էլ երևանյան փառատոնը հնչեղ անունների ու լավ ֆիլմերի պակաս չունի: Փառատոնի լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրին նախագահում է իռլանդացի սցենարիստ, ռեժիսոր, օսկարակիր Թերի Ջորջը, պատվո հյուրերի թվում են Կաննի և Բեռլինի մրցանակակիր, օսկարակիր ռեժիսոր և սցենարիստ, լեգենդար Կոստա Գավրասը, իսպանացի հռչակավոր կինոռեժիսոր Ալբերտ Սեռան, Կաննի կրկնակի մրցանակակիր ֆիլմերի պրոդյուսեր Ֆիլիպ Բոբերը, Իլյա Խրժանովսկին: Փառատոնային շաբաթվա ընթացքում կներկայացվեն կինոաշխարհի լավագույն նորույթները: Փառատոնը բացվել է Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմի ցուցադրությամբ:
Եվս մեկ «Ոսկե ծիրան» դարձավ պատմություն հուլիսի 17-ին, կայացավ երեւանյան կինոտոնի փակման հանդիսավոր արարողությունը, որի շրջանակում հայտարարվեցին նաեւ մրցանակակիրները:
Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրանի» արժանացավ Լի Ժույծյունի «Հող էիր՝ հող դարձար» ֆիլմը։
Արծաթե ծիրան ստացավ Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը»։ Հատուկ հիշատակման արժանացավ Սիրիլ Շեյբլինի «Խմորումը»։ Պետեր վան Բյուրենի անվան Տարածաշրջանային համայնապատկեր մրցույթում Ոսկե ծիրանի արժանացավ Քուրդուին Այուբի «Արևը», Արծաթե ծիրանի՝ Մահմուդ Ղաֆարիի «Խնձորի օրը»։ Հատուկ հիշատակման արժանացավ Զայնե Աքյոլի «Ռոժեքը»։
FIPRESCI մրցանակ ստացավ Մահմուդ Ղաֆարիի «Խնձորի օրը»։
«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում Ոսկե ծիրանի արժանացավ Մոհամադռեզա Ֆարզդի «Ենթագումարներ»-ը։
Արծաթե ծիրան ստացավ Անա Ջեգնարաձեի և Մարիտա Թեվձաձեի «Մեռածները կհասկանան» ֆիլմը։ Հատուկ հիշատակման արժանացավ Ահմադ Սալեհի «Գիշերը»։
Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակ ստացավ Համբարձում Համբարձումյանի «Կորեական դելիկատեսը» (լավագույն հայկական կարճամետրաժ): «Խոստում լավագույն մարդասիրական ֆիլմ» հատուկ մրցանակ ստացավ Սիմոն Լերենգ Վիլմոնթի «Բեկորներից հավաքած տունը»։
Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային 19-րդ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն էր իռլանդացի օսկարակիր սցենարիստ, Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը։ Նա բեմից շնորհակալթյուն հայտնեց Հայաստանին ու հայ հանդիսատեսին ջերմ հյուրընկալության համար եւ խոստացավ` «Դեռ կվերադառնամ»:
Մրցանակաբաշխության արարողությանը հաջորդեց Կարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմի ցուցադրությունը։
Երեւանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի ունեցավ հուլիսի 10-17-ը։
Միջազգային կինոտոնը հանրությանը ներկայացրեց մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաեւ ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։