ԴՈԿՏՈՐ ՍԹՐԵՆՋԸ ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅԱՆ ՄՈՒԼՏԻՏԻԵԶԵՐՔՈՒՄ. ԱԿՆԱՐԿ
10-06-2022
Սեմ Ռեյմին ռեժիսորական աթոռին, Դենի Էլֆմանը որպես կոմպոզիտոր, Բրյուս Քեմփբելը հանդես եկավ կամեոյով, սակայն ֆիլմն ինքնին Դոկտոր Սթրենջի մասին է. ահա այսպիսին են մուլտիտիեզերքի հրաշքները։
Ֆիլմի սյուժեն ծավալվում է «WandaVision» հեռուստասերիալի իրադարձություններից հետո։ Փրկելով քաղաքը հերթական հրեշից ՝ Դոկտոր Սթրենջը պատահաբար հանդիպում է Ամերիկա Չավես անունով մի աղջկա, ում էլ հետապնդում էր այդ հրեշը։ Շուտով պարզվում է, որ Ամերիկան կարող է տեղափոխվել մուլտիտիեզերքի միջով, ինչն էլ հանդիսանում է հետապնդումների պատճառ։ Փորձելով փրկել աղջկան՝ Սթրենջը օգնության համար դիմում է Վանդային՝ նույնիսկ չկասկածելով, թե ինչ հետևանքների դա կարող է հանգեցնել։
«Խելագարության մուլտիտիեզերքը» ֆիլմը կարելի է համարել Մարվելի ամենահետաքրքիր ֆիլմերից մեկը «Սարդ-մարդ. Տունդարձի ճանապարհ չկա» ֆիլմից հետո։ Սցենարի շուրջ մինչև անգամ վերջին պահը տիրում էր լիակատար անհայտություն և բազմաթիվ մանրամասներ դեռ բացահայտված չէին: Սա այն է, ինչ խթանում է լսարանի հետաքրքրությունը և միևնույն ժամանակ մեծացնում է ֆիլմի box office-ի հնարավորությունները:
Մի քանի վերանկարահանումներ, որոնց ենթարկվել է այս ֆիլմը, և փոփոխություն, որը ներառում է կամեոյի առկայությունը, զգացվում են անգամ անզեն աչքով։ Սակայն, միևնույն ժամանակ, նկարահանող խումբը կարողացավ ներկայացնել երկրպագուների համար հետաքրքիր և տպավորիչ պատմություն, որը թույլ է տալիս մի շնչով դիտել իրադարձությունները, որոնք տեղի են ունենում էկրանի վրա։ Վանդա Մաքսիմոֆֆի կերպարի էվոլյուցիան, որը մի քանի ֆիլմ ու մեկ հեռուստաշոու է տևել, մոտեցավ իր տրամաբանական ավարտին և ցուցադրեց դիտորդին նրա տպավորիչ վերափոխումը անկրկնելի չարագործի՝ համոզիչ մոտիվացիայով, ինչը միանշանակ նրան դարձնում է կինեմատոգրաֆիական տիեզերքի լավագույն չարագործներից մեկը։
Հակառակ ամբողջական սարսափ ֆիլմ նկարահանելու խոստումներին, խելագարության մուլտիտիեզերքը կարելի է համարձակորեն անվանել Մարվել կինեմատոգրաֆիական տիեզերքի առանձնացող ֆիլմերից։ Սակայն Սեմ Ռեյմիի մասնակցությունը ֆիլմում, ամեն դեպքում շեշտեց սարսափի տարրերը։ Եվ իրոք, որոշ տեսարաններ բավականին դիտարժան և դաժան են ստացվել։ Հատկապես առանձնանում են Սքարլեթ կախարդի և Իլյումինատների միջև պայքարի տեսարանները և զոմբիների տեսարանը, որը ոգեշնչված է եղել հենց Ռեյմիի «The Evil Dead»-ից։
Գլխավոր դերերից մեկի կատարող Բենեդիկտ Քամբերբեչը, ինչպես մյուս դերասանները՝ Չիվետել Էջիոֆորը, Բենեդիկտ Վոնգը, Ռեյչլ ՄաքԱդամսը և այլոք, իսկապես լավ են հանդես եկել: Հաճելիորեն գոհացնում է Սոչիլ Գոմեսի մարմնավորած կերպարը, որը չափազանց համոզիչ և բնական ամերիկացի Չավեսն է: Առանձին կարելի է նշել Իլյումինատներին, որոնց կազմը հնարավոր չէ բացահայտել առանց սփոյլերների։ Միայն կարելի է ասել, որ Մարվելի կինեմատոգրաֆիական տիեզերքի արդեն ծանոթ դերասանները հավաքվել են մեկտեղ: Ֆիլմի գլխավոր մարգարիտը կարելի է համարձակորեն անվանել Էլիզաբեթ Օլսենին, ով հեշտությամբ հաղթեց ամբողջ դերասանական կազմին և հաստատ խաղաց իր լավագույն դերերից մեկը՝ ստեղծելով իսկապես խորը, բարդ և տպավորիչ կերպար:
Պետք է միշտ հիշել, որ Մարվելի բոլոր աշխատանքները կոմիքսների վրա հիմնված ֆիլմեր են, ուստի, ֆիլմերում միշտ կա չարիքի դեմ պայքար, մի փունջ փոքր մարտային տեսարանների և քաղաքների ու առանձին կառույցների բազմաթիվ ավերածություններ: Համակարգչային գրաֆիկան, իհարկե, կատարվում է ամենաբարձր մակարդակով, առանց դրա չի կարող լինել։ Տպավորիչ է նաև ստեղծագործական թիմի ուշադրությունը փոքր դետալների վրա. դիտողը ևս պետք է ուշադիր լինի դրանք նկատելու համար։
«Դոկտոր Սթրենջը խելագարության մուլտիտիեզերքում» ֆիլմը տարվա ամենահետաքրքիր և սպասված ֆիլմերից մեկն է, որը վստահաբար արդարացրել է հանդիսատեսի սպասելիքները: Բացառությամբ մի քանի սցենարային վրիպակների, ֆիլմի հեղինակները իսկապես հետաքրքրաշարժ և տպավորիչ գործ են ներկայացրել՝ համախմբված սարսափի տարրերով և ոչ ստանդարտ սուպերհերոսի ձևաչափով։ Եվ իհարկե, Մաքսիմոֆֆը չարագործի կերպարում Մարվելի միգուցե ամենաստացված կերպարներից է։ Մի խոսքով, պարտադիր դիտելու ֆիլմ է։