ԿԱՆՆԻ 75–ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ
31-05-2022
Շվեդ ռեժիսոր Ռուբեն Օսթլունդը շահեց իր երկրորդ Ոսկե արմավենու ճյուղը «Տխրության եռանկյունի» կծու երգիծանքի համար, որն ավարտին հասցրեց 2022 թվականի Կաննի 75–րդ կինոփառատոնը:
2017 թվականի Օսթլունդի արմավենու ճյուղ շահած «Քառակուսի» ֆիլմի այս յուրօրինակ շարունակության մեջ ռեժիսորը մարդկանցով լի նավակը թողնում է ջրերի խորքում՝ ստիպելով վերապրածներին վերստեղծել անապատային կղզու հասարակությունը, որտեղ փողը իշխանություն չունի, իսկ գեղեցկությունը դառնում է ամենաթանկարժեքը:
Փառատոնի ժյուրին ներկայացրեց ավելի շատ մրցանակ, քան սովորաբար ակնկալվում էր, այդ թվում `75-ամյակին նվիրված հատուկ Ոսկե արմավենու ճյուղ և ևս ընդհանուր 10 մրցանակ, ինչը նշանակում է, որ 21 մրցույթային ֆիլմերի գրեթե կեսը տուն գնաց ոչ ձեռնունայն։
Շարունակելով կորեական կինոյի համաշխարհային թեժ շարանը ` Պակ Չան-Հուկը արժանացավ լավագույն ռեժիսորական մրցանակին իր հիչքոկյան «Հեռանալու որոշում» թրիլերի համար, իսկ հինգ տարին մեկ Կաննի կազմակերպիչները խրախուսում են իրենց ժյուրիներին հատուկ հոբելյանական մրցանակ շնորհել և 75-րդ թողարկումը բացառություն չդարձավ։ Ոսկե արմավենու ճյուղի առանց այն էլ կրկնակի դափնեկիրներ Ժան-Պիեռ և Լյուկ Դարդենները իրենց «Թորի և Լոկիտա» ֆիլմի համար ստացան հոբելյանական արմավենի։ Ֆիլմը պատմում է երկու գանացի ներգաղթյալների մասին, որոնք մի կերպ են գոյատևում Բելգիայում:
Լեհ ռեժիսոր Եժի Սկոլիմովսկու «EO»-ն հետևում է էշի միջեվրոպական ճանապարհորդությանը, որտեղ գլխավոր հերոսը անցնում է մի շարք դժվար և հաճախ դաժան փոխհարաբերությունների միջով։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել իմ ավանակներին», - մրցանակը ստանալիս ասաց Սկոլիմովսկին:
Լավագույն դերասանուհի անվանակարգում մրցանակը շնորհվեց Զար Ամիր Էբրահիմին «Սուրբ սարդ» ֆիլմում դերի համար, որը նկարահանվել է Ալի Աբբասիի կողմից՝ սերիական մարդասպանի մասին իրական պատմության վրա հիմնված քրեական թրիլերում:
Տղամարդու դերի համար մրցանակը բաժին հասավ կորեացի դերասան («Մակաբույծի» աստղ) Սոնգ Կանգ Հոյին՝ «Բրոքեր» ֆիլմում դերի համար։ Սոնգը խաղում է մի մարդու, ով լքված երեխաներին վաճառում է սև շուկայում` ճապոնացի ռեժիսոր Կորե-եդա Հիրոկազուի առաջին կորեական ֆիլմում:
Լավագույն սցենարի համար մրցանակը ստացավ Տարիկ Սալեհը «Տղան դրախտից» ֆիլմի համար։ Սալեհը ժյուրիին շնորհակալություն հայտնելուց առաջ լուսանկարեց հանդիսատեսին, մրցանակը նվիրելով երիտասարդ կինոգործիչներին։ «Տղան դրախտից» ֆիլմը լրտեսական թրիլեր է, որը տեղի է ունենում Եգիպտոսի Կահիրե քաղաքում: Ֆիլմն արգելվել է Եգիպտոսում, քանի որ այն համարվում էր իրենց ազգային ոստիկանական ուժերի «անհաճո» կերպարը ցուցադրող ապազգային էլեմենտ:
Փառատոնը հարգանքի տուրք մատուցեց դերասան Թոմ Քրուզին, մեկ այլ պատվավոր Ոսկե արմավենու ճյուղ շնորհվեց լեգենդար դերասան Ֆորեսթ Ոիթաքերին, իսկ փառատոնի պաշտոնական պաստառը ստեղծվել է որպես հարգանքի տուրք «The Truman Show» ֆիլմին։
«Ոսկե տեսախցիկը»՝ լավագույն առաջին ֆիլմի մրցանակը տրվեց «War Pony» ֆիլմին, որն այս տարվա Կաննի հանդիսատեսի ֆավորիտներից մեկն է: Այն նաև տարավ բաղձալի արմավենու շան պարգևը՝ շների լավագույն դերասանական կատարման համար, որը ստացավ մոխրագույն պուդել Բրետանան: