Ջոքեր
02-10-2019
«Ջոքերի» մասին քննարկումներն ու վեճերը սկսվեցին դեռ ֆիլմի դիտման հնարավորությունը ստանալուց առաջ, երբ Վենետիկի կինոփառատոնը հայտարարեց իր մրցույթային ծրագիրը. դեռ երբեք կոմիքսների հիման վրա նկարահանված ֆիլմը չէր հայտնվել նման բարձրարվեստ փառատոնում։ Այնուհետև հայտարարեցին, որ ժյուրին գլխավորելու է արգենտինացի ռեժիսոր Լուկրեցիա Մարտելը, որը հայտնի է հենց իր ռադիկալ արտհաուսային ֆիլմերով ու թվում էր թե էլիտար փառատոնում կոմիքսային սյուժեի շանսերը մրցանակ կորզելու գրեթե զրոյական են, առավել ևս, հաշվի առնելով ռեժիսոր Թոդ Ֆիլիփսի նախորդ գործերը։
Ընդամենը հաշված օրեր անց փառատոնային աշխարհում արձանագրվեց պատմական սենսացիա՝ «Ջոքերը» արժանացավ «Ոսկե առյուծի», այն մրցանակի, ինչ ժամանակին Տարկովսկին կամ Զվյագինցևը, Ռոյ Անդերսոնը կամ Քշիշտոֆ Կիսլյովսկին ու այո-այո՝ Լուկրեցիա Մարտելը ձեռքերից:
Սակայն սրանով խոսակցությունը «Ջոքերի» շուրջ բնավ չդադարեցին, ընդհուպ մինչև բոլորովին վերջերս, երբ ամերիկան կինոյի նահապետ ու Ջոքերի ռեժիսոր Թոդ Ֆիլիփսի ոգեշնչման աղբյուր՝ Մարտին Սկորսեզեն գուցե անգիտակցաբար այնքան էլ հիացական խոսքեր չարտահայտեց Ջոքերի հասցեին (մի նախագծի, որի ռեժիսորն ու պրոդյուսերն էր նա մի ժամանակ)՝ կոմիքսի հիման վրա ֆիլմերը շարունակելով սկզբունքորեն չհամարել կինեմատոգրաֆի նմուշ, մինչդեռ Ֆիլիփսը ոճավորել էր իր ֆիլմը Սքորսեզեի հասցեին բազմաթիվ ձոներով՝ թե՛ Գոթեմի, թե այնտեղ կատարվելիքի մեջ ներարկելով Սքորսեզեի միանգամից մի քանի՝ հատկապես «Տաքսու վարորդը» և «Կատակերգության թագավորը» ֆիլմերում շոշափելի ձեռագրային նյույորքյան մթնոլորտի ինչպես ակնարկային, այնպես էլ ուղիղ հղումներով։
Ջոքերը դարձավ մարտահրավեր և՛ ռեժիսորի, և՛ դերասանի համար՝ երկուսին՝ հատկապես Խոակին Ֆենիքսին պակասում էր մի վերջին կայծը շլացուցիչ բոցավառման համար ու ինչը կարող էր լինել այնքան ռիսկային ու միևնույն ժամանակ՝ այնքան գայթակղիչ, որքան «Ջոքերը» ՝ Սեզար Ռոմերոյից, Ջեք Նիքոլոսոնից ու հատկապես Հիթ Լեջերից հետո, որի «կարապի երգը» Ջոքերի դերը խաղալը նրա որոշ երկրպագուների համար անգամ վուլգար ու հավակնոտ էր թվում։
Եվ Ֆենիքսն ու Ֆիլիփսը կանգնեցին դժվարին փորձության առջև՝ հյուսել հայեցակարգ, որը թե՛ պատմասանությունը, թե՛ գլխավոր հերոսին կներկայացներ միանգամայն այլ անկյան տակ։
Հենց այս գերնպատակի շուրջ են ֆիլմում կենտրոնացված ռեժիսորական, դերասանական, նկարչական, երաժշտական և ցանկացած այլ միտումները։
Եթե փորձեն այդ կոնցեպտը հակիրճ ձևակերպել, ապա կստացվի՝ «Առաջին անգամ մենք ոչ թե փնտրում ենք մարդուն Ջոքեր դիմակի հետևում, այլ Ջոքեր-մարդու հետ միասին փորձում ենք այդ ճակատագրական խայտաբղետ դիմակը. մենք նայում ենք ոչ թե աշխարհի աչքերով Ջոքերին, այլ առաջին անգամ՝ աշխարհը մեր առջև բացվում է նրա գունածածկ կոպերի տակից»։