Պեդրո Ալմոդովար | Ցավ և փառք
11-06-2019
Իսպանական կինոյի 68-ամյա փառահեղ վարպետ Պեդրո Ալմոդովարի նոր, թվով 21-րդ ֆիլմը դարձել էր վերջերս ավարտված 72-րդ Կաննի կինոփառատոնի գլխավոր ֆավորիտներից մեկը։ Ու եթե 20 կամ 15 տարի առաջ դա կլիներ չափազանց կանխատեսելի, ապա վերջին տարիներին Ալմոդովարի նկարահանած ֆիլմերից շատերը ստանում էին բավականին սառը ընդունելություն՝ իրավացիորեն խոսելու առիթ տալով վարպետի ստեղծագործական ճգնաժամի մասին։ Այսպես Ալմոդովարը որոշեց ստեղծել ֆիլմ, որի հերոսը հենց արվեստագետ է, որը գտնվում է ճգնաժամի մեջ։ Ի՞նչը կարող է լինել ավելի անկեղծ ու տրամադրոող։ Ֆիլմի ծերացող ռեժիսորը՝ Սալվադորը իր կարիերայի մայրամուտին առերեսվում է իրականության ու սեփական հիշողությունների հետ. նախկին սիրելիներ, դերասաններ, թանկագին մայր։ Եվ այդ ամենը՝ մի տեսակ անորոշ ապագայից առաջ, որտեղ Սալվադորը այլևս չի կարողանում ֆիլմ նարահանել։ Անհնար է չհիշել Գուիդո Անսելմիին՝ Մարչելո Մաստրոյանիի հերոսին՝ ռեժիսորի ալտեր էգոյին Ֆեդերիկո Ֆելինիի ֆիլմից։ «Ցավն ու փառքը» Ալմոդովարի «8 ½ »-ն է՝ ֆիլմ-խոստովանանքը եվրոպական կինոյի գլխավոր խոստովանահոր կողմից։ Ռեժիսոր Սալվադորի, այլ կերպ ասած՝ հենց իր՝ Ալմոդովարի դերը վստահվեց նույն ալմոդովարական ակունքներից եկող Անտոնիո Բանդերասին։ Իսկ ամենաթանկ էակի՝ մոր դերը վստահվեց մեկ այլ մտերիմ նվիրյալին՝ Պենելոպե Կրուսին։ Բազմաշերտ սյուժետային գծերին և զուգահեռ պատմասունությանը կրկին գումարված է Ալմոդովարի անզուգական ճաշակը և ֆորմալիստական անսպառ ուժը։ Ինչպե՞ս կարող է վարպետը խոսել ինքն իր մասին առանց թախծոտ երաժշտության, վառվռուն գույների ու գեղանկարչական հղումների։ Ինչպես և հերոսի մոտ, հեղինակի համար արվեստը ոչ միայն հիվանդությունն է այլև միակ հնարավոր դեղորայքը. Փառքին հասնում են ցավով, բայց Փառքը ինքն էլ Ցավ է… Ու եթե նման ուժգնության ֆիլմ Ալմոդովարը չէր նկարահանել առնվազն տասը տարի, ապա ինտիմության, անկեղծության, թափանցիկության ու ինքնահայեցողականության առումով սա անկասկած ռեժիսորի ամենաանձնական ստեղծագործությունն է։ Ու չնայած նրան, որ Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենու ճյուղը» ուղևորվեց Հարավային Կորեա, դերասանական գլխավոր մրցանակը այնուամենայնիվ շնորհվեց Բանդերասին՝ ոչ միայն իր մանրակրկիտ պատրաստվածության արդյունքում ցուցադրած փայլուն դերասանական խաղի համար, այլ նաև՝ որպես լրացուցիչ մեծարում Բանդերասի կերպարի հետևում կանգնած վարպետի, ով թվում է թե այս ֆիլմով ամփոփում է սեփական կինոկենսագրության որոշակի մի մեծ գլուխ , որից հետո մնում է միայն հույսով սպասել, թե ինչ կգրվի նոր տողից։